«Բնապահպանի քողի ներքո տարիներ շարունակ սուտ ու կեղծիք տարածողների խումբ կա». «Լիդիան Արմենիայի» փաստաբան Արմեն Մելքումյան

«Բնապահպանի քողի ներքո տարիներ շարունակ սուտ ու կեղծիք տարածողների խումբ կա». «Լիդիան Արմենիայի» փաստաբան Արմեն Մելքումյան

Նոյեմբերի 23-ին «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ իրենց հաճախորդ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավի արատավորման հետևանքով վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու հարցում հաղթանակ են գրանցել:

«Բայց բնապահպանի քողի ներքո տարիներ շարունակ սուտ ու կեղծիք տարածողների խումբ կա, որը պարբերաբար սուտ տեղեկատվություն է տարածում ընկերության գործունեության վերաբերյալ: Մենք ունենք արդեն 10-ից ավելի դատական գործեր: Այս պահին գործընթաց ունենք բնապահպան-ակտիվիստներ Լևոն Գալստյանի, Նազելի Վարդանյանի, ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարիներ շարունակ փորձել է հասկանալ, որ կարող է լինել և հանրային խոսք, որ կարող է և քննադատվել ընկերության գործունեությունը, բայց նաև դատարաններն են համարել, որ հանրային խոսքը պետք է լինի հավասարակշռված, ստուգված, բարեխիղճ ու փաստարկված:

«Թեհմինե Ենոքյանը հանրության մեջ տարածել է տեղեկատվություն, որ ընկերությունը հանցագործ է: Շատ մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, բայց դատարանն այն իրավական հարթակն է, ուր եթե ինչ-որ բան ես ասում առհասարակ ընկերության վերաբերյալ, կարող ես գալ ու այդ հարթակում ներկայացնել քո փաստերը: Ինչո՞ւ են աղմկում… Ասե՞լ եք, եկեք, փաստարկեք ձեր ասածը դատարանում, ասեք, որ դուք ճիշտ մտքեր եք արտահայտել»,- ասաց Արմեն Մելքումյանը:

Նկատենք, որ ըստ «Առավոտի»՝ Թեհմինե Ենոքյանն իր փաստաբան-ներկայացուցիչների հետ խորհրդակցում է ՄԻԵԴ դիմելու մասին:
Փաստն այն է, որ Վճռաբեկ դատարանը գտել էր՝ «Բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու համար», և այդ պատճառով էլ Թեհմինե Ենոքյանի հայցը վարույթ չի ընդունվել:

Նույն «Առավոտի» հետ զրույցում Թեհմինե Ենոքյանն ասել էր, որ իր փաստաբանները՝ Նինա Հակոբյանը և Տիգրան Ստեփանյանը, ներկայացրել են ապացույցներ և իր ասած տեքստի հիմնավորումները:

«Ոչ մի դատական գործում իրենցից ոչ մեկը չի կարողացել ապացուցել, որ իրենց արտաբերած որոշակի տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն ունի: Եթե իրենք իրենց բնապահպան-փորձագետ կամ բնապահպան-իրավաբան են ներկայացնում, ուրեմն նրանց հանրային խոսքը պետք է լինի փաստարկված և ստուգված: Դատարանն արձանագրել է՝ ընկերությանը զրպարտել են, դիտավորություն և միտում է եղել ընկերության բարի համբավն արատավորելու, որպեսզի հանրության մեջ տարածեն ու հիմնավորեն ընկերության վերաբերյալ բացասական ընկալում ու տվյալներ»,- ասաց փաստաբանը:

Արմեն Մելքումյանի խոսքով՝ 10-ից ավելի բոլոր գործերով իրենց դատավարական հակառակորդները ներկայացված են եղել փաստաբաններով:

«Նորից եմ կրկնում՝ որևէ փաստ չեն կարողացել ներկայացնել, որ իրենց արած արտահայտությունները կարողանան պաշտպանել»,- Թեհմինե Ենոքյանի դիտարկմանն է արձագանքում «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը:

Փաստաբանի պնդմամբ՝ տարիներ շարունակ հանրության մեջ սուտ ու կեղծիք տարածելու արդյունքում այսօր հազարավոր մարդիկ զրկված են իրենց աշխատանքից:

«Հազարավոր մարդիկ ուղղակի լքել են երկիրը, չեն աշխատում Հայաստանում այն պահից, երբ հանքը սկսեց չաշխատել: «Լիդիան» ընկերությունը երբ սկսեց շինարարություն իրականացնել, տարածքի գրեթե բոլոր բնակիչները ներգրավված էին այդ աշխատանքներում: Մարդիկ ՌԴ-ում թողել էին աշխատանքը, եկել էին իրենց տուն, որովհետև հենց իրենց դարպասից այն կողմ գտնվող հանքում կարող էին արժանապատիվ աշխատանք ունենալ»,- ասաց Արմեն Մելքումյանը:

168.am-ի դիտարկմանը, որ բնապահպանական ակցիաներին մասնակցում էին նաև Ամուլսարի տարածքին հարող բնակավայրերի բնակիչներ, «Լիդիանի» ներկայացուցիչն ասաց՝ ինքը չի բացառում, որ մարդկանց մեջ մանիպուլյացիաներ, սուտ ու կեղծիք տարածելու արդյունքում՝ կարող է լինել զանգված, որը կուրորեն կարող է հավատալ դրանց, բայց հետո հասկանալ, որ այն, ինչ շրջանառվում էր, սուտ էր և կեղծիք:

«Եվ այսօր դատական բոլոր ատյանները հերթով բոլոր այդ անձնավորությունների կատարած արտահայտություններին տալիս են գնահատական, գտնում, որ դրանք իրականության հետ որևիցե առնչություն չեն ունեցել, այլ միտում, դիտավորություն է եղել՝ վնասելու ընկերության բարի և գործարար համբավը»,- ասաց փաստաբան Արմեն Մելքումյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ թե 168.am-ի հետ զրույցում «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակի ղեկավար, «Լիդիան Արմենիայի» շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Մելքումյանը, հարցին՝ ինչո՞ւ են դիմել դատարան, արդյո՞ք դա ազատ խոսքի սահմանափակում չէ, ինչպես նշում են բնապահպան-ակտիվիստները, պատասխանեց՝ թե իրենք, և թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեմ չեն ազատ խոսքին, բայց դա իրավունք է, որն ավարտվում է այնտեղ, որտեղ խախտվում է մեկ այլ անձի իրավունք:

«Ֆիդելիթի Քոնսալթինգ» ընկերությունը՝ որպես իրավաբանական ընկերություն, թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն երբեք միտում չեն ունեցել սահմանափակել խոսքի ազատությունը:

«Մենք գնահատում և արժևորում ենք խոսքի ազատությունը: Ցանկացած անձ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, բայց այդ կարծիքը չի կարող լինել ի հաշիվ այլ իրավունքի: Բարեխիղճ և փաստարկված, հավասարակշռված խոսքը երբեք չի կարող վիճարկման առարկա լինել: Կրկնում եմ՝ 10-ից ավել դատական ակտեր ունենք, որոնցից 7-8-ը՝ դրական արդյունքով: Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր վստահորդի իրավունքները»,- եզրափակեց Արմեն Մելքումյանը: